Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեց Բաքվին, նա արդեն Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարանում է: Առևտուրը Ռուսաստանի հետ չստացվեց՝ Մոսկվան, թերևս, շատ ավելին է դրել խաղասեղանին, քան մի բլոգերի ճակատագիրն է, որ նաև Իսրայելի քաղաքացի է: Շատ ավելին, որ թույլ տվեց Կրեմլին ընդունել պարտությունը Բաքվի ու Մինսկի ալյանսի առաջ, Կրեմլի, որ հաղթական քայլում է Մերձավոր Արևելքում, իսկ քթի տակ իրավիճակը չի վերահսկում: Լապշինը Մինսկից Բաքու է տեղափոխվել հատուկ չվերթով` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, ու այդ կադրերը հեռարձակեցին աշխարհի համարյա բոլոր հեռուստաալիքները, անդրադարձան լրատվամիջոցները: Այն տպավորությունն էր, որ Մինսկը Բաքվին է արտահանձնել մեր ժամանակների ամենավտանգավոր հանցագործին ու աշխարհն այլևս փրկված է: Մի կողմ թողնելով իրավական հարցերը՝ ի սկզբանե խնդիրը իրավական հարթության մեջ չէր, այլ քաղաքական, հասկանանք, թե ինչու՞ ու ինչպե՞ս Հայաստանը արձագանքեց:
՛՛Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև խոր անդունդը՛՛՝ հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է»՝ շեշտել է նա: Համեմատության համար՝ ռուսական կողմն իր խոր հիասթափությունն է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու Բելառուսի որոշումից։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ որոշումը հակասում է ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն։ «Մենք մտադիր ենք և պետք է հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկենք մեր քաղաքացու օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու, նրան շուտափույթ իր ընտանիք վերադարձնելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում։ ՀՀ Ազգային ժողովում միջկուսակցական տարաձայնությունները մի կողմ թողած՝ միասնության պոռթկումով բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին ազատ արձակել բլոգերին և գտնում էին, որ Ազգային ժողովն իր դիրքորոշումը պետք է հայտնի: Էդուարդ Շարմազանովը` որպես հայ- բելառուսական հանձնաժողովի համանախագահ, Բելառուսի քայլը որակեց խայտառակ, որը չի բխում խաղաղ կարգավորման տրամաբանությունից. «Այս քայլը նաեւ Ռուսաստանի ու Հայաստանի դեմ է»: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ առաջարկեց ժամը 15:00-ին հավաքվել Բելառուսի դեսպանատան դիմաց` կոշտ դիրքորոշումը հայտնելու համար: «Սա իր քաղաքական նշանակությամբ հավասար է Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Հետո ՛՛Ելք՛՛ դաշինքը բողոքն արտահայտեց Բելառուսի դեսպանատան առաջ, որը մի քանի հեռուստաընկերություններ չգիտես ինչու ներակայացրին քաղաքացիների բողոք՝ չտալով ոչ «Ելք» դաշինքի անունը, ոչ էլ նշելով, որ ելույթներ են ունեցել Աժ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, ՛՛Հանրապետության՛՛ նախագահ Արամ Սարգսյանը:
Մի քանի պատգամավորներ էլ պահանջեցին սառեցնել ՀԱՊԿ անդամակցությունը, հետ կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանին: «Աննախադեպ լկտիություն է եւ ցինիզմ, այստեղ ամենամեծ անելիքն ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե իրեն համարում է արժանապատիվ պետություն, լավ կլինի, որ սառեցնենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, հետ կանչենք մեր դեսպանին»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը: Նա, իհարկե, հուզմունքի պոռթկումի մեջ «մոռացավ», թե ինչ եղբայրական հարաբերություններ ունեն վաղը կայանալիք համագումարում ԲՀԿ նախագահ վերընտրվող Գագիկ Ծառուկյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հարկ չհամարեց բացատրել, թե ինչու ամենամեծ անելիքն ունի Հայաստանի Հանրապետությունը, երբ Լապշինը ՌԴ ու Իսրայելի քաղաքացի է, և ինչ կտա անդամակցության սառեցումը ՀԱՊԿ-ում, բայց ոչ ԵՏՄ-ում, առավելևս դեսպանի հետկանչը: Ի՞նչ կապ ունի իրադարձություններին Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը: Դեսպանի ու դեսպանատան աշխատանքի մասին որևէ պատկերացում ունեցողը ընդհանրապես ՀՀ դեսպանի լավ կամ վատ աշխատանքի հարցը մեջտեղ չէր բերի: Շատ ավելի ռեալ տարբերակ է խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ, քան թե հետ կանչել դեսպանին, բայց դա հարց է, որ դեսպանը չի որոշում:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը առաջարկեց պահանջել, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, երևի որոշել էր Լուկաշենկոյի գործը թեթևացնել: «Միանում ենք մեր բոլոր գործընկերների բարձրացրած առաջարկություններին: Սա առաջին դեպքը չէ, որ Բելառուսի կողմից մենք նկատում ենք կողմնակալ վերաբերմունք Ադրբեջանի նկատմամբ, որի պատճառներն ակնհայտ են: Այս պարագայում տեղի է ունեցել պարզ մանր գործարք՝ շքանշանի փոխարեն Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին: Բնականաբար, պետք է ֆիքսենք, որ սա մարդու իրավունքների պարզ ոտնահարում է ՀԱՊԿ-ի անդամ երկրի կողմից ՌԴ քաղաքացու նկատմամբ: Մենք չպետք է հարց բարձրացնենք, որ Հայաստանը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, այլ պետք է հարց բարձրացնենք, որ Բելառուսը դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Մեր դիրքորոշումը սա է»՝ հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը:
Աժ նախագահ Գալուստ Սահակյանը, իբրև ՀՀԿ Ավագների խորհրդի նախագահ, ավելի իմաստուն էր, նա հորդորեց հապշտապ որոշումներ չկայացնել. «Ավելի լուրջ մտայնություններ են պետք եւ դա էդպես սովորական խնդիր չէ, եւ առաջիկայում որոշակի ուղերձներ կլինեն այդ ուղղությամբ»՝ ասաց նա:
Իվերջո պատգամավորներն առաջարկեցին վեց խմբակցություններով դատապարտող հայտարարություն տարածել:
Բայց սա հարցի շքերթային կողմն է: Իրականում կան շատ ավելի լուրջ խնդիրներ, քան պատգամավորների ինքնարտահայտման դրսևորումներն էին, թեկուզ հայրենասիրական պոռթկումով:
Հայաստանի Հանրապետության առաջ քաղաքական, տնտեսական ու անվտանգության ապահովման անխուսափելի ու անհետաձգելի հարցեր են ծագում: Անցած տարիներն ապացուցեցին՝ դե ֆակտո ոչ ՀԱՊԿ-ը, ոչ ԵՏՄ-ն այն կառույցները չեն, որ հայտարարագրված են իրենց կանոնադրությամբ ու չեն դառնում ժամանակի մեջ: Հակառակը՝ ավելի խորանում ու արդեն անթաքույց են դառնում հակասությունները: Եթե ինչ-որ օղակներ աշխատում են, հայ-ռուսական հարաբերություններն են: Եթե հիմա ռուս-բելառուսական հարաբերությունները ոչ թե հարթվեն, այլ վերածվեն առճակատման և Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարի, որ Բելառուսը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից ու ԵՏՄ-ից, ո՞րն է լինելու Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը: Սպասել՝ մինչև կառույցները իրենք-իրենց կքանդվե՞ն, թե՞ կասեցնել անդամակցությունը: Ակնհայտ է, որ եթե մի կառույց քանդվում է, ձևավորվում է մեկ այլ կառույց: Դատելով Ադրբեջանի հետ Բելառուսի ու Ղազախստանի, ինչու ոչ, նաև Ռուսաստանի տնտեսական կապերից, չի բացառվում, որ նոր կառույց իսկապես ձևավորվի՝ ներառելով Ադրբեջանին ու Թուրքիային: Գուցե դա կլինի ասիական պետությունների միավորում, որին կմիանա Բելառուսը: Գուցե ոչինչ էլ չի ստացվի, բայց այս ուղղությամբ մտածել պետք է: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ եղավ Եվրամիության հետ համաձայնագիրը, գուցե առևտրատնտեսական համագործակցության որոշ հարցեր պետք է վերանայե՞լ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ բլոգե՞րը: Հասկանալի է, որ Մինսկը Բաքվին մեծ շոուի հնարավորություն տալով, բավարար վճար է ստացել դրա դիմաց: Հասկանալի է նաև, որ այդ շոուին համաձանել են Ռուսաստանն ու Իսրայելը: Իր տնտեսական ու սոցիալական օր-օրի բարդացող խնդիրները, դիվանագիտական անկարողությունը Ղարաբաղի հարցում Բաքուն որոշել է սքողել«թշնամու» դեմ ցուցադրական «հաղթանակով»: Կկազմակերպվի շքեղ ու տպավորիչ դատավարություն, որի ժամանակ դատարանում ու դատարանի պատերից դուրս կհնչեն բոցաշունչ ելույթներ և կգտնվեն կթվորուհիներ ու նավթագործներ, որ կխնդրեն Իլհամ Ալիևին հավերժ թագավորել՝ դա է նրա միակ ցանկությունը՝ զվարճանքով փակել հաց ուզողների բերանը: Նայած՝ ինչ արձագանքներ կլինեն՝ Իլհամ Բարերարը նախ բլոգերին կդատապարտի մինչև տաս տարի ազատազրկման, հետո ներում կշնորհի՝ նրանից գրավոր ու բանավոր ներողություններ կորզելով:
Հազիվ թե Ալեքսանդր Լապշինի գլխից մի մազ պոկվի՝ նա Իսրայելի քաղաքացի է, իսկ Իսրայելը ցանկության դեպքում կարող էր պարտադրել, որ Մինսկ-Բաքու հատուկ չվերթը վայրէջք կատարեր Իսրայելում: Բայց Թել Ավիվին էլ ակնհայտորեն շոուն չի խանգարում, ինչպես Մոսկվային՝ երկուսից էլ Բաքուն զենք է գնում:
Իսկ Հայաստանն ու Ղարաբաղը գոնե մեկ անգամ պետք է ոչ թե սիմետրիկ, այլ ասիմետրիկ լուծում տան խնդրին: Եթե Բաքվի նպատակը Ստեփանակերտի մեկուսացումն է, «Սև ցուցակը» այս ընթացքում պետք է բազմապատկվի, ու Ղարաբաղ այցելողների թիվը ցուցադրական վկայություն դառնա, որ ամեն հարված ավելի ուժեղ հակահարված է հարուցում: Սա շատ ավելի ուժեղ դիվանագիտական աշխատանք է պահանջում, քան Մինսկից ՀՀ դեսպանին հետ կանչելը կամ Երևանից Բելառուսի դեսպանին հետ ուղարկելը: Կամ էլ՝ զգայացունց հայտարարություններ անելը, թե որքան անարդար է Ալեքսանդր Լուկաշենկոն, որքան անիրավ է Իլհամ Ալիևը ու ինչ մեղք է Ալեքսանդր Լապշինը, որ չգիտես ինչու անպատեհ պահին հայտնվեց անցանկալի տեղում: Ու ի՞նչ էր անում նա Մինսկում: Կա նաև հակաքայլ՝ եթե երրորդ երկրի բլոգերի դեմ Բաքուն դատավարություն է կազմակերպում, ի՞նչն է խանգարում Ստեփանակերտին դատավարություն կազմակերպել դիվերսանտի դեմ, որ զենքով հատել է Ղարաբաղի սահմանը ու գերի ընկել, հիմա էլ Ստեփանակերտի մեկուսարանում է, որից Բաքուն առաջին իսկ արձագանքով հրաժարվեց: Շոուն շոու է, դեռ հայտնի չէ՝ ո՞րն ավելի տպավորիչ ու դիտարժան կլինի: